Չարենց և Արփենիկ։ Մի սիրո պատմություն

Չարենցը շատերով է հրապուրվել: Նրա անձնական կյանքը եղել է բուռն ու արկածային: Նրա սիրելի կանանց անուններից շատերը մեզ հայտնի են՝ Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյանն, սակայն նրանցից միայն մեկի անունն ու մահվան տարեթիվը Չարենցը դաջեց իր կրծքավանդակի ձախ կողմում՝ սրտի մոտ:

Արփենիկ Տեր-Աստվածատրյանը Գողթն գավառից էր, 1920-ին եկել էր Երևան և սկսել աշխատել հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ: Հենց այդտեղ էլ հանդիպել են Արփենիկն ու Չարենցը:

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Չարենցի և առաջին կնոջ՝ Արփենիկի մասին:

«Չարենցի առաջին կինը՝ Արփենիկը… Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի առաջին կինը եղել է Արփենիկ Տեր-Աստվածարյանը (նկարում): Արփենիկը ծնվել էր Նախիջևանում 1899 թվականին, նախնական կրթությունը ստացել Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա սովորել Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920-ին նա գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցում, և հենց այստեղ էլ կայանում է Չարենցի հետ Արփենիկի հանդիպումը` Չարենցն այդ ժամանակ նույն այդ դպրոցում էր աշխատում: Մեկ տարի անց, 1921-ի մայիսին, նրանք ամուսնանում են։

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, ում հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ»: Այդ սերը հետագայում էլ շատ է ներշնչել բանաստեղծին։ Բնավորությամբ Արփենիկը եղել է մեղմ ու սրտակից ընկեր, միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, անգամ տխուր պահերին երգել նրա համար, և որ ամենակարևորն է՝ հասկացել է բանաստեղծին, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական վեճերը։ Արփենիկը մահացավ 1927 թվականի հունվարին, երբ Չարենցը բանտարկված էր: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկին թաղում են Երևանի Մլերի գերեզմանատանը՝ դա ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է:

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում է գտնվել: Արդեն գերեզմանի մոտ դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Պատմում են, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ որ ձեռագրեր, հավանաբար՝ Արփենիկին նվիրված բանաստեղծություններ։ Հաջորդ օրն իսկ Չարենցը այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր արտասահմանից, և դա արել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Որպես թանկարժեք մասունք Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը՝ դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում, սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անունը»։

Տարիներ անց Չարենց ինձ 2-րդ ամուսնությունից ծնված դստերը կոչում է Արփենիկի անունով: 1930-ին լույս տեսած «Էպիքական լուսաբաց» ժողովածուն Չարենցը նվիրում է Արփենիկի հիշատակին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»:

«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,

Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,

Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,

Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

Leave a Comment