Կապանի բարբառը

Կապանը զարդարող ամենագեղեցիկ «դեկորացիան» իրենց բարբառն է։ Կապանցիներ հարազատությունը, անմիջականությունն ու մտերմությունը իրանց բարբառի մեջ է երևում։ Հաճախ իրենց բարբառի մեջ բառեր եմ գտնում, որոնք առանց բացատրական բառարանի կամ էլ Կապանցի ծանոթի չես կարող հասկանալ. Օրինակ՝ «կատաղած» բառը իրենց լեզվով հնչում է այսպես՝ «ղուդուրմիշ լյած», կամ նրանք «իսկույն»-ի փոխարեն ասում ենք՝ «ըլբհալ»։ Փորձում եմ գոնե փոքրիկ նմանություններ գտնել, բայց չի ստացվում։ Ու հենց սրանով էլ տարբերվում է իրենց բարբառը։

《Տիրապետելով հայրենի հողիս բարբառին՝ ես համարում եմ, որ մի լեզու ավել գիտեմ։》

Կապանցիները, չնայած վարժ տիրապետելուն գրական հայերենին, ակցենտով են խոսում, այն ակցենտով, որը միայն իրենք ունենք։ Ոչ մի երևանաբնակ չի կարող խոսել այն ակցենտով, որով իրենք են խոսում, դե էլ չեմ խոսում բարբառի մասին։ Սովորելն անհնար չէ, բայց ոչ մի երևանցի երբեք իրեն այդքան ջերմ ու անմիջական չի զգա՝ լսելով Կապանի բարբառը։ Ինչքան էլ սովորենք ու յուրացնենք, եկեք համաձայնենք, որ մեզնից և ոչ ոք թաքուն չի ժպտա, երբ Երևանի փողոցներով քայլելիս հանկարծ «բա որտե՞ղ ես»-ի փոխարեն լսի՝ «պա շտըղը՞ս» արտահայտությունը։

《Ես գիտեմ, որ մեր բարբառում կան մի շարք բառեր, որոնք ունեն, օրինակ՝ պարսկական կամ թուրքական ծագում, բայց դրանք մեր բարբառին այնպես են ձուլվել, ասես բնավ էլ օտար լեզուներից չլինեն:》

《Ես գիտեմ, որ այն ժամանակ, երբ մի այլ երկրում ներկայացնելիս լինեմ իմ Հայաստանի պատմությունն ու մշակույթը, անպայման պատիվ եմ ունենալու խոսել իմ հայրենիքի ներսում իմ փոքրիկ ամենահայրենիքի՝ իմ Կապանի բարբառի մասին։ Բարբառ, որը մեր «ես»-ն է, մեր հետքը պատմության, անցյալի ու ապագայի մեջ․․․》

Ահա մի շարք բառեր Կապանի բարբառից և դրանց բացատրությունները։

Լըհանդի – հենց այնպես

Հունց ը՞ս – ո՞նց ես

Հինչ ըս անու՞մ – ի՞նչ ես անում

Հաց ը՞ս օտում – ճա՞շ ես ուտում

Օզում ըմ քինիմ տոն – ուզում եմ գնալ տուն

Տեռտակ-մեռտակ խոսե մա – դատարկ բաներ մի խոսիր

Տի պեներ մա ասե – նման բաներ մի ասա

Յոլայ ըք քինում – գոյատևում ենք

Ըռհաթի – ձագար

Եր կաց, քինի հաց պեր – վեր կաց, գնա հաց բեր

Բոլ-բոլ կեր, վըր քըշտանաս – բավականաչափ կեր, որ կշտանաս

Քինի փիչին քըշտեն նստե, թըքաց – գնա, վառարանի կողքին նստիր, տաքացիր

Եկ, տըսնամ՝ հի՞նչ ա տըռած – արի, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել

Սա եկա, կըտաս ուրան – սա վերցրու, կտաս նրան

Տու մին-մին լսե մըզ, մին-մին դյուզ պեներ ըք ասում – Դու մեկ-մեկ լսիր մեզ, մեկ-մեկ ճիշտ բաներ ենք ասում

Ակուշկան պեց ըրա, պատա տոնը օդափոխվե – Պատուհանը բաց արա, տունը մի քիչ օդափոխվի

Եվ, վերջապես, բոլորի ամենասիրելի արտահայտությունը՝

Տա լա տի լա, տա լա լա լա – դա այդպես էր, այդպես էլ կար:

Մեջբերված խոսքերը կապանցի Անահիտ Բադալյանինն են։

Նյութի աղբյուրը

Leave a Comment